ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ


1950 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.142

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (1913-1944) կիսանդրին տեղադրված է Մովսես Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների միջև՝ Մանկական զբոսայգու կենտրոնական ծառուղում: Հեղինակներ՝ քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյան և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան:

Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ուղղանկյուն հատվածքով, վարից վեր հետզհետե նեղացող, սրբատաշ բազալտե պատվանդանին (ընդհանուր բարձրությունը՝ 4,25 մ), որն իր հերթին դրված է 3,0 x 3,0 մ հատակագծային չափերով եռաստիճան գետնախարսխի վրա: Հերոսը պատկերված է օդաչուի համազգեստով, կուրծքը զարդարում են շքանշաններն ու մեդալները, որոնցով նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին: Պատվանդանի դիմային մակերեսին քանդակված են Խորհրդային Միության հերոսի երկու աստղերը, Վ. Ի. Լենինի շքանշանը, իսկ հայերենով փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանը՝ կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի բրոնզե արձանն իր հայրենիքում կանգնեցնելու մասին: Ստորին մասում ռուսերենով գրված է՝ НЕЛЬСОН СТЕПАНЯН. 1913-1944:

Քանդակի գեղարվեստական մշակումը ռեալիստական է, դիմանկարային, հերոսական կերպարի ընդգծված վեհությամբ: Հավերժացնում է պատերազմում զոհված անվանի հայորդու հիշատակը:

         «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մանկական զբոսայգի