ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԾԵՐՈՒՆԻ» (ԿԱՐԱԲԱԼԱ)
1995 թ.
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Ստեփան Հարությունյանը՝ երևանցիների կողմից սիրված Կարաբալան (թարգմ.՝ սև երեխա, մանուկ), ծնվել է Քանաքեռում անցյալ դարասկզբին (հավանաբար, 1900 թ.), հարուստ ընտանիքում, որը ծաղկանոցներ ուներ այժմյան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի տարածքում: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքն ունեզրկվել է: Ստեփանն ամուսնացել է Աշխեն անունով մի կնոջ հետ, ունեցել որդի: Դեպքերի բերումով ձերբակալվել է և հայտնվել Եղիշե Չարենցի հետ նույն բանտախցում: Կինը, չսպասելով Ստեփանի ազատ արձակմանը, վաճառել է տունը, ամուսնացել է երկրորդ անգամ և արգելել է որդուն հնադիպել հոր հետ:
Կարաբալան սիրում էր ծաղիկներ
նվիրել Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցով անցնող կանանց և աղջիկներին, ծաղիկների հետ
նրանց փոխանցելով հոգում պահած սերն ու բարությունը: Հրապուրվել է Արուս Ոսկանյանով,
ով այդ փողոցով էր անցնում Սունդուկյանի թատրոն աշխատանքի գնալիս, և ամեն օր կարմիր
վարդ է նվիրել հանրահայտ դերասանուհուն:
Տնից ու ընտանիքից զրկված
Կարաբալան օրն անց էր կացնում հարազատ դարձած Կենտրոնական հանրախանութի և հարևան «Կովկաս»
ռեստորանի մոտ, ապրում էր խանութի պահեստում: Ստուգումների պատճառով մի քանի օրով ստիպված
թողնելով պահեստը, ցրտահարվում է դրսում և մահանում հիվանդանոցում՝ միայնակ ու լքված:
Նրա գերեզմանի տեղը մինչ օրս անհայտ է:
Կարաբալային
նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես
Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո
Սահյանը: 1995 թ. նրա արձանը տեղադրվել
է Աբովյան փողոցում (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան):
Արձանը բրոնզից
է, 2 մ բարձրությամբ: Կարաբալան պատկերված է ծեր տարիքում, ձախ թևից կախված է ծաղիկների
զամբյուղը, աջով առաջ է պարզել վարդը: Արձանն սկզբում կանգնեցվել է Աբովյան փողոցում՝ «Մանկական աշխարհ» (նախկին Կենտրոնական) հանրախանութի գաստրոնոմի մուտքի
մոտ: Հետագայում՝
Հյուսիսային պողոտայի շինարարության պատճառով, մի քանի անգամ տեղափոխվել
է (Տերյան փողոց, Հյուսիսային պողոտա՝ «Մոսկվիչկա» խանութի մոտ): Այժմ գտնվում է սկզբնական
վայրից մի քիչ ներքև՝ նույն հանրախանութի պատի տակ։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան