ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆԻ
2004 թ.
Քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան
Անգլիացի նշանավոր բանաստեղծ, լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը (1788-1824) բարձր է գնահատել հայերին ու հայոց լեզուն, մտահոգ էր պարսկաթուրքական լծի տակ տառապող ժողովրդի ճակատագրով: 1816 թ., այցելելով Վենետիկի Սբ Ղազար կղզի և մի քանի տարի ապրելով հայկական Մխիթարյան միաբանությունում, նա սովորել է հայերեն, մասնակցել հայոց պատմության դասընթացներին, անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանների ու քերականական ձեռնարկների ստեղծմանը, կատարել թարգմանություններ և այլն: Բայրոնի հայերենի ուսուցիչը միաբանության անդամ, լեզվաբան, թարգմանիչ, բառարանագիր, բազմաթիվ լեզուների գիտակ հայր Հարություն Ավգերյանն էր (1774-1854):
2004 թ. երախտապարտ հայ ժողովուրդը Նորքի առաջին
զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում, Նանսենի թանգարանի մոտ տեղադրել է Բայրոնի
հուշարձանը՝ որպես հարգանքի տուրք երիտասարդ տաղանդավոր բանաստեղծին:
Քանդակը կարմիր տուֆից է՝ տեղադրված բազալտե սրբատաշ
ու ցածր պատվանդանի վրա: Բանաստեղծը պատկերված է բացված գրքին հենված դիրքով, մտախոհ
հայացքով: Աջ կողմում Հարություն Ավգերյանի (1774-1854) քանդակն է: Գետնին դրված կարմիր
տուֆե սալի վրա փորագրված է՝
ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՐ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԱՌՆ Է ԵՂԵԼ
ԵՎ ԻՆՉՊԻՍԻՆ ԷԼ ՈՐ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ, ՆՐԱՆՑ
ԵՐԿԻՐԸ ՀԱՎԵՐԺ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԱՇԽԱՐՀԻ
ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ.
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ Է.
ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ (ԼՈՐԴ) ԲԱՅՐՈՆ:
Հուշաքարի ստորին մասում անգլերեն և հայերեն լեզուներով
գրված է ՝ BYRON, ԲԱՅՐՈՆ:
Ձախակողմյան հատվածում փորագրված են քանդակագործի
անունն ու տարեթիվը՝ ՀԱՅԿ ԹՈՔՄԱՋՅԱՆ. 2004:
Քանդակի բարձրությունը 1.65 մ է, պատվանդանի չափերն
են՝ 0.36 x 1.44 x 2.40 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան