ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1931
Պետ. ցուցիչ՝ 1.6.101
Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի
Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով
Բոլշևիկ
հեղափոխական, քաղաքական գործիչ, հրապարակախոս, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի
(1878-1918) հուշարձանը գտնվում է նույնանուն հրապարակի հյուսիսարևելյան մասում։ Բացումը
տեղի է ունեցել 1931 թ. սեպտեմբերի 20-ին: Կառուցվել է նախկին ռուսական Սուրբ Նիկոլայ
եկեղեցու տեղում՝ Տաճարական հրապարակում (այժմ՝ Ստեփան Շահումյանի հրապարակ)։ Հուշարձանի
հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետության
ակադեմիկոս Իվան Ժոլտովսկին։ Երևանում պաշտոնապես տեղադրված
առաջին կոթողային հուշարձանն է։ Երկմաս է՝ բաղկացած արձանից
և թիկունքում աստիճանավոր հիմքի վրա բարձրացող ձևավոր պատից՝ յոթ հզոր ուղղանկյուն
մույթերով: Եզրային երկու մույթերը ստեղծում են որմնախորշեր: Պատը մուգ մոխրագույն բազալտից է: Արձանը կերտված
է վարդագույն գրանիտի ամբողջական կտորից: Դրված է ընդհանուր հիմքից բարձրացող քառակուսի,
աստիճանաձև պատվանդանի վրա: Բարձրությունը 3,5 մ է։ Կերպարը պատկերում է Շահումյանին
ամուր կանգնած, խաչված ձեռքերով՝ արտահայտելով անսասանություն և ուժ։