ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
1957 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.95.3
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, քանդակագործ՝ Արա Սարգսյան
Ամենայն Հայոց բանաստեղծ, արձակագիր, հասարակական-ազգային գործիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923) հուշարձանը գտնվում է Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքից ձախ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թ. նոյեմբերի 17-ին:
Հուշարձանի հորինվածքի ոճը և ընդհանուր չափերը համապատասխանում են նրա հետ միաժամանակ տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի ոճին ու չափերին:
Արձանը տեղադրված է աստիճանավոր, ուղղանկյուն պատվանդանի վրա: Թումանյանը պատկերված է նստած դիրքով՝ վերարկուն ուսերին, գիրքը ծնկներին:
Մշակումը ռեալիստական է, դասական ոճին բնորոշ:
Արձանը բրոնզից է, պատվանդանը՝ Բջնու վարդագույն մարմարից: Բարձրությունը պատվանդանի հետ 8,55 մ է: Ընդհանուր չափերն են՝ 855 x 440 x 580 սմ:
2008 թ., Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի (ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության) պատճառով հուշարձանը ժամանակավորապես հանվել է իր տեղից։ Վերստին տեղադրվել է 2010 թ. մայիսին: Արձանի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ռենկո» իտալական ընկերությունը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան