ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2022
Դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ մրցույթը:
Երևանն արդեն երկրորդ անգամ էր հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։
2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում, իսկ 2021 թվականին Փարիզում 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։
20-րդ հոբելյանական Մանկական Եվրատեսիլին մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորում էր «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:
Մասնակից երկրներն էին՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն էր՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով: Հայաստանում նման խաղալիքի ոճավորված տարբերակները կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և տարազների վրա։ Ավանդական փայտե «հոլին» տրվել էր նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։ Այն հրաշալի արտացոլում էր նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլորը միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով:
Մրցույթը վարեցին երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանն և դերասան, երգերի հեղինակ՝ Գարիկ Պապոյանը:
Հայաստանը ներկայացրեց 14-ամյա Նարե Ղազարյանը “Dance!” երգով:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով: Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
ԱՅԼ
1652-1705
Էրիվանի հարուստ բնակիչ Խոջա Գրիգորը ջրատար է անցկացրել Գետառ գետի վենամասում գտնվող ջրհորից մինչև Հին թաղ (այժմ՝ Աբովյան փողոցի կենտրոն): Հովհաննես վարդապետը գումար է հատկացրել Գետառ գետի վրա քարե կամրջի կառուցման համար: Խոջա Փանոսը Սուրբ Զորավար եկեղեցու շինարարությունն է սկսել Անանիայի խարխուլ մատուռի տեղում:
1921
1919թ.-ի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովը հիմնադրեց Հայաստանի պատմության թանգարանը: Թանգարանը այցելուների համար բացվեց 1921թ.-ի օգոստոսի 20-ին: Առաջին տնօրենը Երվանդ Լալայանն էր: