ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՏՈՒՆ


1958


Պետ. ցուցիչ՝ 1.6.161

Ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան

Շենքը կառուցվել է 1958 թ.` որպես Հայաստանի ճարտարապետների միության վարչության շենք և ճարտարապետի տուն, որը 1978 թ., Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին անվանակոչվել է նշանավոր ճարտարապետի անունով: 2018 թ. մարտի 17-ին, Ճարտարապետների միության 19-րդ համագումարում, այն վերանվանվել է Հայաստանի ճարտարապետների պալատ: 1982 թ. բակի կողմից կցակառուցվել է մասնաշենք:

Շենքը համաչափ է և երկհարկ։ Կենտրոնական մուտքը ընդգծված է սյունազարդ նախասրահով, որը ձևավորում է երկրորդ հարկի բաց պատշգամբի եզրապատը։ Երկու դուրս եկող կողային ռիզալիտներից կազմված են անկյունային ծածկված տիմպան-օթյակներ, որոնք հարստացնում են կառույցի հորինվածքը։

Կենտրոնական մասը և ռիզալիտներն ունեն նրբագեղ քիվի տեսքով ատամնաշար ավարտ: Պլաստիկ լուծման մեջ օգտագործված են ազգային ձևերը (քիվ, խոյակ):

Շենքը կառուցված է մանուշակագույն երանգի մուգ տուֆից, խոյակները՝ բաց դեղնավուն ֆելզիտից:

Հատակագծային լուծումը պարզ է. գլխավոր մուտքի նախասրահ, նկուղում՝  հանդերձարան, երկրորդ հարկում՝ դահլիճ և ճեմասրահ: Առաջին հարկի կողային ծավալներում ճարտարապետների միության տարածքներն են, երկրորդ հարկում՝ ցուցասրահները: Երևանի կարևորագույն հասարակական շենքերից է: Գեղարվեստական առումով բնորոշ է 1950-ականների ճարտարապետությանը: Աչքի է ընկնում հաջող հատակագծային լուծմամբ և ճարտարապետական մանրամասների նուրբ քանդակազարդմամբ:


Բաղրամյան պող., 17
+37410 561 506