ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական և ամենահայտնի հրապարակն է: Այն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է՝ իր ճարտարապետությամբ, պատմական նշանակությամբ և մշակութային կարևորությամբ:
Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի
կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցների և Տիգրան
Մեծի պողոտայի հատման հատվածում: Քաղաքի գլխավոր հրապարակն է՝ քաղաքաշինական և տրանսպորտային
կարևոր հանգույց, տարաբնույթ միջոցառումների վայր:
1940-1990 թթ. կոչվել է Հոկտեմբերյան հեղափոխության
առաջնորդ Վլադիմիր Լենինի անունով։ Հրապարակում մինչև 1991 թ. տեղադրված էր Լենինի արձանը (քանդակագործ` Սերգեյ Մերկուրով):
Որպես Երևանի գլխավոր հրապարակ՝ այն նախագծել
է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանը 1924 թ.: Կառուցապատվել է մի քանի փուլով:
Հրապարակի ներկայիս տարածքը մտել է Երևանի նախախորհրդային
բնակելի գոտու մեջ: Շինարարության սկիզբը դրվել է 1926 թ.՝ Նալբանդյան փողոցում Հողագործության
ժողովրդական կոմիսարիատի երկհարկանի շենքի կառուցմամբ, որը հետագայում ներառվել է Կառավարական
առաջին տան կազմում:
1936-1938 թթ. կառուցվում է Հողժողկոմատի շենքի
երրորդ հարկը: Զարդաքանդակները կատարել են Տարագրոսը, Վաղարշակ Մելիք-Հակոբյանը:
1935 թ., Կառավարական տան կառուցմամբ պայմանավորված,
սկսվում է հրապարակի բնակելի տների, ինչպես նաև՝ Աբովյան, Նալբանդյան, Սվերդլովի (այժմ՝
Փ. Բուզանդի) և Ամիրյան փողոցների ու քաղաքային պուրակի կառույցների քանդումը: Քանդվում
են զինվորական պարետատան շենքը, բաղնիքը, կինոթատրոնը, պիոներների տունը, մանկապարտեզը,
խանութը, Պտի-Շան ռեստորանը և այլն:
Կառավարական առաջին տունը կառուցվել է
1926-1940 թթ. և 1950-ական թթ. ճարտարապետներ Ալեքսանդր և Գևորգ Թամանյանների նախագծով:
1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Շենքի Մելիք-Ադամյան փողոցի հատվածը նախագծել է Գևորգ Թամանյանը 1957 թ.: Շինարարությունն
իրականացվել է 1959 թ.: Զարդաքանդակները կատարել է Սուրեն Ստեփանյանը:
1936 թ. Ալեքսանդր Թամանյանի մահից հետո, Երևանի
քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարում է հրապարակի հատակագծման և կառուցապատման
նախագծի մրցույթ: Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի
գլխավորած մրցույթը էական փոփոխություններ չի մտցրել հրապարակի կառուցապատման ընթացքի մեջ:
1939 թ. Կառավարական առաջին տան դիմաց կառուցվում
է 12 մետրանոց մայթ, որտեղ նախատեսված էին նաև կանաչապատ տարածքներ:
Հետագայում հրապարակում կառուցվում են՝
1. Կառավարական երկրորդ տունը՝ «Արարատ» ռեստորանով – 1944-1955 թթ., ճարտարապետ՝
Սամվել Սաֆարյան՝ անվանի ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի
մասնակցությամբ: Շենքի ճարտարապետական առանձին մասերի և ռեստորանի ներքին հարդարանքի
աշխատանքներին մասնակցել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը: Ռեստորանի ներսի որմնանկարը
ստեղծել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը, խեցե զարդարանքը՝ Հմայակ Բդեյանը:
2. «Արմենիա» («Մարիոթ») հյուրանոցը – 1954-1980-ական թթ., շահագործման սկիզբը՝
1958 թ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն
Մելքոնյանի մասնակցությամբ, նախագծող՝ Ս. Գ. Բաղդասարյան:
3. Արհեստակցական միությունների և Կապի նախարարության շենքը – 1956-1978 թթ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան: Դեռևս 1935 թ. կոնստրուկտիվիստական ճարտարապետության ոճով և ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցվել է Կապի տունը: Եվ քանի որ այն չէր համապատասխանում հրապարակում կառուցվող շենքերի ոճական առանձնահատկություններին 1956 թ. շենքը ներառվում է Կապի տան նոր շենքի մեջ և մնացել նրա ճակատի ետևում:
4. Թանգարանների շենքը (Մշակույթի տուն) – 1940-ական թթ.: Մշակույթի տան շինարարության
հետ կապված՝ նախկին արական գիմնազիայի շենքը վերափոխվել է: Սկզբնական տեսքով պահպանվել
են ներքին տարածությունը և Աբովյան փողոց դիրքորոշված ճակատը, իսկ մնացած սև, տուֆակերտ
ճակատները երեսապտվել են սպիտակ քարով: 1954 թ. արական գիմնազիայի շենքի
վրա կառուցվել է երրորդ հարկ, հրապարակի կողմից կցակառուցվել է թաղակապ, բաց սյունասրահ՝
շենքը հրապարակի համալիրում ներառելու նպատակով (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):
5. 1980 թ. ավարտվել է Հայստանի պետական պատկերասրահի (այժմ՝ Հայաստանի
ազգային պատկերասրահ)՝ ութանիստ թմբուկի ձև ունեցող 42 մ բարձրությամբ 7-հարկանի շենքի
կառուցումը (Մշակույթի տան ներքին բակում), որով միաժամանակ ավարտվել է գլխավոր հրապարակի
ձևավորումը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, Աշոտ Ղազարյան):
6. Երևանի մետրոպոլիտենի
«Հանրապետության հրապարակ» կայարանը - 1981 թ., ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ
Մինասյան, նախագծողներ՝ Օ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան: Հայկական ԽՍՀ պետական մրցանակ՝ 1983 թ.:
7. Հոկտեմբերյան հեղափոխության
առաջնորդ, խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի հուշարձանը տեղադրվել է հրապարակի հարավային
մասում, Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձի առթիվ: Արձանի բացումը տեղի է ունեցել
1940 թ. նոյեմբերի
24-ին: Հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, թիֆլիսաբնակ
ճարտարապետներ Նատալյա Պարեմուզովան և Լևոն Վարդանովը (Վարդանյան): Այն համարվում էր
ԽՍՀՄ-ում Լենինի լավագույն հուշարձաններից մեկը: Արձանի նյութը կոփածո պղինձն էր, բարձրությունը՝
7 մ: Պատվանդանը կառուցված էր գորշ գրանիտից: Ընդհանուր բարձրությունը 18,2 մ էր: Արձանը պատվանդանից իջեցվել է 1991 թ. ապրիլի 13-ին՝ ԽՍՀՄ պաշտոնական փլուզման նախօրյակին, Երևանի քաղաքային
խորհրդի 1991 թ. մարտի 28-ի որոշմամբ։ Քանդակազարդ պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թ. հուլիս, որից հետո ապամոնտաժվել է:
8. Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազանը կառուցվել է 1953 թ., Թանգարանների շենքի դիմաց՝
ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով: 1970 թ. շատրվանները վերածվել
են գունաձայնային «երգող» շատրվանների, որոնց հեղինակը ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյանն է: 1978 թ. արժանացել է Հայկական
ԽՍՀ պետական մրցանակի: 2007 թ. շատրվանները վերակառուցվել են ֆրանսիական «Ակվատիկ շոու
ինթերնեշնլ» ընկերության կողմից, իսկ 2011 թ. ընկերությունն ընդլայնել է շատրվանների
ֆունկցիոնալ հնարավորությունները:
9. «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրը կառուցվել է Թանգարանների շենքի
դիմաց, 1965 թ.՝ ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի նախագծով: Վերանորոգել
է քանդակագործ Արման Նուռը 2010 թ.:
Հանրապետության հրապարակի ընդհանուր մակերեսը 3,5
հա է: Երկմաս է, 230 x 110 մ առանցքային չափերով: Ձվաձև մասի կենտրոնում կա խճանկար (2003), որը
գորգ է հիշեցնում: Հյուսիսից ջրավազանով սեղանաձև հատվածն է (160 x 80 մ): Շենքերը կառուցված են սրբատաշ,
հայկական վարդագույն տուֆով, բաց կաթնագույն ֆելզիտով, ստորին մասերում՝ գորշ բազալտով:
2003 թ. հրապարակում իրականացված վերանորոգման
աշխատանքների ժամանակ ջրավազանի արևմտյան անկյան տակ` 10 մ հեռավորության վրա և «Արմենիա» հյուրանոցի դիմաց` 15 մ հեռավորության վրա, բացվել են ուղղանկյուն հատակագծերով թաղածածկ
նկուղներ: Մասնակիորեն պեղումներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
ինստիտուտի արշավախումբը (Հուսիկ Մելքոնյան, Ֆրինա Բաբայան), չափագրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության
վերականգնող-ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը: Այնուհետև, հուշարձանները կոնսերվացվել են
սորուն ավազով և ասֆալտապատվել: Դրանք XVIII-XX դդ. Երևանի կառուցապատման ստորգետնյա
հատվածներ են, որոնց վերգետնյա շինությունները, ելնելով հրապարակի կառուցապատման անհրաժեշտությունից,
քանդվել են դեռևս 1920-1930-ական թթ.:
Հանրապետության հրապարակի համալիրի գեղարվեստական
կերպարի ստեղծման գործում վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական առաջին տան ճարտարապետությունը,
որը կանխորոշել է մյուս ծավալների համամասնությունները, շենքերի բարձրությունների հարաբերակցությունը: Հրապարակի շենքերի ճարտարապետությունը
հարուստ է դեկորատիվ պլաստիկ տարրերով, քանդակներով: Խոյակների, քիվերի, բացվածքների
և մյուս տարրերի նախագծման մեջ օգտագործվել են ազգային ճարտարապետության մոտիվները
(Տեկոր, Դվին, Զվարթնոց, Թալին):
Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային
ճարտարապետության լավագույն գործերից է, քաղաքաշինական արվեստի արժեքավոր հուշարձան:
Երևանի նախագծման համակարգում զբաղեցնում է կենտրոնական տեղ: 1971 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: