ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐԱՐԱՏ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ


1887


Պետ. ցուցիչ՝ 1.6.7
Ճարտարապետներ՝ Միխայիլ  ֆոն դեր Նոննե, Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար
Քանդակա­գործ` Արա Հարությունյան
Նախագծող` Ա. Մարտիրոսյան

Գտնվում է Հրազդան գետի կիրճի ձախ բարձրադիր ափին՝ Երևանի նախկին բերդի տարածքում, Արգիշտի փողոցում։

1877 թ. հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը Երևանի բերդի տարածքում գնված հողակտորի վրա սկսել է գինու արտադրությունը, իսկ 1887 թվականից՝ նաև կոնյակի արտադրությունը, որը կարճ ժամանակում դարձել է ոլորտի առաջատարը։ 1887 թ. գործարանի շենքի կառուցման հարցում Թաիրյանին նյութապես աջակցել է նրա ազգականը՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

1899 թ. Թաիրյանը գործարանը վարձակալության է տվել ռուսական խոշոր առևտրաարդյունաբերական ընկերություններից մեկին՝ «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որը մեկ տարի անց գնել է գործարանը և ընդլայնել այն՝ ստեղծելով արտադրական մեծ համալիր։

1887–1910 թթ. կառուցվել է Թաիրյան–Շուստով գինեգործական համակառույցը (ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե)։

Գործարանի տարածքում ամենահին պահպանված կառույցը մառանն է (1877)։

Հիմնական արտադրանքն էին գինին, օղին և կոնյակը, որոնք արտահանվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վարշավա, Պարսկաստան, Ճապոնիա և եվրոպական երկրներ՝ ձեռք բերելով մեծ համբավ։ XX դ. սկզբին ընկերությանը շնորհվել է Նիկոլայ II ցարի արքունիքին կոնյակ մատակարարելու արտոնություն։ 1910-ական թվականների վերջին Շուստովի ձեռնարկության արտադրանքը կազմել է Երևանի նահանգում արտադրվող գինու, կոնյակի և սպիրտի ընդհանուր ծավալի 90 տոկոսը։

1912 թ. համալիրը, Թաիրյանի շրջանի շինությունների հետ միասին, ընդգրկում էր ավելի քան քսան կառույց։ Գործարանի սահմաններից դուրս գործել է հիդրոէլեկտրակայան, որը էներգիայով ապահովել է գործարանն ու քաղաքի մի հատվածը։

1920 թ. համալիրը ազգայնացվել է, իսկ 1921 թ. մայիսին վերանվանվել Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատի («Արարատ տրեստ» միավորում), որի կազմում ընդգրկված էին Խորհրդային Հայաստանի գինու-կոնյակի բոլոր գործարանները։

1930-ական թվականներին Սարդարի պալատի տեղում սկսվել է մառանների շենքի կառուցումը։ Շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝ 1937 թ. (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար) և 1961 թ. (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան)։ Իր հարթ տանիքներով շենքը հիշեցնում էր Հրազդանի կիրճի ժայռերի վրա բարձրացող բերդապարիսպ և խորհրդանշում էր, որ այստեղ է գտնվել Երևանի բերդը։

1948 թ. վերակազմավորման արդյունքում 1953 թ. Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը առանձնացվել են, և նույն թվականին ավարտվել է կոնյակի գործարանի նոր շենքի կառուցումը։

Համալիրում վերակառուցումներ են իրականացվել նաև 1980 թ.։

Գինու կոմբինատի քանդակներում գերիշխում է ազգային թեմատիկան, հիմնականում պատկերված են հայկական առակների դրվագներ։

Համալիրն առանձնանում է տպավորիչ ճարտարապետական լուծումներով և բարձր պատմամշակութային արժեքով։


Արգիշտի փող. 9