ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՐԱՐԱՏ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ
1887
Գտնվում է Հրազդան գետի կիրճի ձախ բարձրադիր
ափին՝ Երևանի նախկին բերդի տարածքում, Արգիշտի փողոցում։
1877 թ. հայտնի վաճառական և բարերար Ներսես
Թաիրյանը Երևանի բերդի տարածքում գնված հողակտորի վրա սկսել է գինու արտադրությունը,
իսկ 1887 թվականից՝ նաև կոնյակի արտադրությունը, որը կարճ ժամանակում դարձել է ոլորտի
առաջատարը։ 1887 թ. գործարանի շենքի կառուցման հարցում Թաիրյանին նյութապես աջակցել
է նրա ազգականը՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։
1899 թ. Թաիրյանը գործարանը վարձակալության
է տվել ռուսական խոշոր առևտրաարդյունաբերական ընկերություններից մեկին՝ «Նիկոլայ Շուստով
և որդիներ» ընկերությանը, որը մեկ տարի անց գնել է գործարանը և ընդլայնել այն՝ ստեղծելով
արտադրական մեծ համալիր։
1887–1910 թթ. կառուցվել է Թաիրյան–Շուստով
գինեգործական համակառույցը (ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե)։
Գործարանի տարածքում ամենահին պահպանված կառույցը
մառանն է (1877)։
Հիմնական արտադրանքն էին գինին, օղին և կոնյակը,
որոնք արտահանվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վարշավա, Պարսկաստան, Ճապոնիա և եվրոպական
երկրներ՝ ձեռք բերելով մեծ համբավ։ XX դ. սկզբին ընկերությանը շնորհվել է Նիկոլայ
II ցարի արքունիքին կոնյակ մատակարարելու արտոնություն։ 1910-ական թվականների վերջին
Շուստովի ձեռնարկության արտադրանքը կազմել է Երևանի նահանգում արտադրվող գինու, կոնյակի
և սպիրտի ընդհանուր ծավալի 90 տոկոսը։
1912 թ. համալիրը, Թաիրյանի շրջանի շինությունների
հետ միասին, ընդգրկում էր ավելի քան քսան կառույց։ Գործարանի սահմաններից դուրս գործել
է հիդրոէլեկտրակայան, որը էներգիայով ապահովել է գործարանն ու քաղաքի մի հատվածը։
1920 թ. համալիրը ազգայնացվել է, իսկ 1921 թ.
մայիսին վերանվանվել Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատի («Արարատ տրեստ»
միավորում), որի կազմում ընդգրկված էին Խորհրդային Հայաստանի գինու-կոնյակի բոլոր գործարանները։
1930-ական թվականներին Սարդարի պալատի տեղում
սկսվել է մառանների շենքի կառուցումը։ Շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝
1937 թ. (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար) և 1961 թ. (ճարտարապետ՝
Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան)։ Իր հարթ տանիքներով շենքը հիշեցնում
էր Հրազդանի կիրճի ժայռերի վրա բարձրացող բերդապարիսպ և խորհրդանշում էր, որ այստեղ
է գտնվել Երևանի բերդը։
1948 թ. վերակազմավորման արդյունքում 1953 թ.
Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը առանձնացվել են, և նույն թվականին
ավարտվել է կոնյակի գործարանի նոր շենքի կառուցումը։
Համալիրում վերակառուցումներ են իրականացվել
նաև 1980 թ.։
Գինու կոմբինատի քանդակներում գերիշխում է ազգային
թեմատիկան, հիմնականում պատկերված են հայկական առակների դրվագներ։
Համալիրն առանձնանում է տպավորիչ ճարտարապետական
լուծումներով և բարձր պատմամշակութային արժեքով։