ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

«ԱՅՐԱՐԱՏ» («ՌՈՍԻԱ») ԿԻՆՈԹԱՏՐՈՆ


1975 թ.


Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան

Կոնստրուկտորներ՝ Գ. Գևորգյան, Ի. Ծատուրյան

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ՝ 1979 թ.

Գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի, Ագաթան­գե­ղոսի և Մովսես Խորենացու փողոցների միջանկյալ հատվածում, Տիգրան Մեծի պողոտա, 14 հասցեում: Տարածքը քաղաքաշինական կարևոր հանգույց է:

Անկախության առաջին տարիներին վերանվանվել է «Այրարատ»:

Կինոթատրոնը բազմաֆունկցիոնալ համալիր էր։ Ուներ չափերով տարբեր երկու մեծ դահլիճներից (1000 և 1600 նստատեղերով) և ևս մեկ փոքր դահլիճ (280 նստատեղով), ինչպես նաև նրանց տակ գտնվող բաց տարածքից, որտեղ տեղակայված էին ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր և այլն: Այս ծառայություններից կարելի էր օգտվել առանց կինոթատրոն մտնելու: Կինոդահլիճները բարձրացված էին երկրորդ մակարդակ՝ ճեմասրահի և ծառայողական սենյակների վրա:

Ներքին տարածքը ձևավավորված էր քանդակներով, վիտրաժներով: Ներկայացված էին քանդակագործներ Օհան Պետրոսյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի, Հմայակ Բդեյանի գործերը (քանդակներից շատերը հետագայում հանվել ու կոտրվել են)։

Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9-բալանոց սեյսմիկ տարածքի համար, որը առաջին նմանատիպ կառույցներից է Հայաստանում: Ունի կախովի ծածկ (вантовое перекрытие), որը Հայաստանում ստեղծվել է առաջին անգամ։ Տիգրան Մեծի պողոտայի կողմից այդ ծածկն ունի 40 մ լայնություն և 60 մ երկարություն և կախված է առանց որևէ հենարանի։

«Ռոսիա» կինոթատրոնն իբրև խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական կառույց, նորարարություն էր իր ոգով, մասշտաբայնությամբ, ճարտարապետական ձևերով և շինարարական արվեստի օրինաչափություններով: 1979 թ. ստացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ:

Ստեղծման առաջին իսկ օրվանից «Ռոսիա»-ն երևանցիների ամենասիրելի կինոթատրոններից էր, մշակութային կարևոր օջախ, որտեղ խորհրդային տարիներին անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ:

2004 թ. կինոթատրոնը սեփականաշնորհվել է, կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» տոնավաճառը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տիգրան Մեծի պող. 14