ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
Կասկադ համալիր Երևանում
Կասկադը Երևանի ամենահայտնի վայրերից մեկն է, որտեղ արվեստը, ճարտարապետությունը, քաղաքային աշխույժ կյանքն ու կանաչ տարածքները հիանալի միաձուլվում են իրար:
Կասկադ
համալիրը դեռեւս 1924 թվականից ընդգրկված էր խորհրդային Երևանի գլխավոր հատակագծի մեջ:
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի ստեղծումով ցանկանում էր միմյանց կապել Երևանի
կենտրոնական և հյուսիսային հատվածները: Այս նախագիծը կյանքի կոչվեց 1976 թվականին Երևանի
գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից: Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց
1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզումով
պայմանավորված: 2002 թ. ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ
Գաֆէսճեանը նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Այն հիմնովին վերանորոգվեց՝ վերածվելով արվեստի
կենտրոնի:
Համալիրը երևանցիների շրջանում հայտնի է Կասկադ
անունով, քանի որ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում հին կասկադը՝ փոքր ջրվեժով
ու ձկների գունավոր խճանկարով։
Կասկադը սկսվում է Մոսկովյան փողոցից, իսկ մուտքը
նշանավորվում է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի բազալտե արձանով (քանդակագործ՝
Արտաշես Հովսեփյան, 1974):
Կասկադ համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի
սպիտակ քարից: Գլխավոր գաղափարն ազգային վերածնունդը ներկայացնելն էր` զարդարված հայոց
պատմության և մշակութային մոտիվները կրող զարդաքանդակներով:
1971 թվականին կառուցված 56 մետր բարձրությամբ
սյունակոթողը պսակում է Կասկադի սպիտակ աստիճանները։ Այն կառուցվել է ի պատիվ Հայաստանում
խորհրդային իշխանության 50-ամյակի և կոչվել է «Վերածնված Հայաստան»: Հուշարձանը զարդարված
է Ուրարտական Հայաստանի խորհրդանիշերով, իսկ ներքևի մասում արևի սկավառակն է, որը հին
հայկական պատկերագրության ամենագլխավոր նշանն է՝ հավերժության խորհրդանիշը:
Կասկադ համալիրի Գաֆեսճյան քանդակների պուրակում
տեղադրված են մի շարք անվանի արվեստագետների ստեղծագործություններ: Թամանյանի արձանից
աջ անդեմ երկրաչափական մարդկային ֆիգուրների մի քանի քանդակներ են, որոնք հեղինակել
է բրիտանացի նկարիչ Լին Չադվիքը: Այս ֆիգուրներից երկուսը կոչվում են «Աստիճաններ»,
քանի որ աստիճանների վրա են, իսկ նրանց դիմաց մեկ այլ զույգ՝ «Նստած Ֆիգուրներ» են:
Այգում կարելի է տեսնել նաև այս արձանների շարքից՝ «Դիտորդներին»։
Ժաումե
Պլենսանի ստեղծագործություններից «Նստած դաջվածքը» զարդարում է Կասկադը: Այս քանդակի
վրա դաջված են աշխարհի բոլոր գետերը։
Այգում Բերի Ֆլանագանի
հեղինակած նապաստակների՝ բրոնզաձույլ քանդակների մի խումբ կա՝ «Նապաստակը զանգի վրա»,
«Բռնցքամարտիկ Նապաստակը կոճի վրա», «Ակրոբատ Նապաստակները», «Նապաստակներ փղերի վրա»:
Ամենահետաքրքիր
քանդակներից է լատինաամերիկյան հայտնի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Հռոմեական ռազմիկը»,
որը մերկ է։ Այս հեղինակի գայթակղիչ աշխատանքներից կգտնեք նաև «Ծխող կնոջը» և «Սև կատվին»։
Զբոսանքի
ժամանակ ձեզ կդիմավորի նաև կրկեսային վրանից դուրս նայող փղի կնճիթը: Այս զվարճալի
աշխատանքը Ջիմ Անսվորթինն է:
Կասկադում
է գտնվում Ռուսական արվեստի թանգարանը: Այս երկհարկանի շենքը նախկինում եղել է նորաձևության
տուն: Այսօր այստեղ ներկայացված են ռուսական գեղանկարչության մեծագույն վարպետների
ստեղծագործություններ, որոնք հավաքագրել և իր հայրենիքին է նվիրել բժիշկ-պրոֆեսոր Արամ
Աբրահամյանը:
Գաֆեսճյան
արվեստի կենտրոնի մուտքին հասնելու համար պետք է անցնել Սարրաջ Գուխի «Ցատկող այծյամները»
քանդակի կողքով, այնուհետև՝ Բոտերրոյի հեղինակած «Սև կատվի», ապա՝ փոքրիկ մետաղական
ձիու (հեղինակ՝ Մարտին Լոու) կողքով: Գեղեցիկ ձևավորված բացօթյա ցուցադրությունն ավարտվում
է համալիրի ստորոտում և սկսվում են Կասկադի տրավերտինե աստիճանները: Համալիրի աստիճանների
թիվը 572 է, բարձրությունը հիմքից մինչև գագաթ` 302 մետր, լայնությունը՝ 50 մետր։
Կասկադի յուրաքանչյուր հարթակում կան շատրվանային
գոտիներ, միջնադարյան արևային ժամացույցի քանդակներ։ Զարդաքանդակները հայկական են,
հատկապես՝ կիրառվել են Վանի ազգային խորհրդանիշներ:
Համալիրի յուրահատուկություններից է, այն, որ
ոչ մի հատվածում միանման ոչ մի քանդակ, զարդանախշ և հորինվածք չի կրկնվում․ միակ բանը, որ միավորում է այս ամենը, ազգային խորհրդանիշներն
են՝ նուռը, խաղողը, աղավնիները, հավերժության նշան արևախաչը և այլն։
Կասկադի բաց հարթակների պատշգամբները թույլ
են տալիս վայելել քաղաքի հիասքանչ համայնապատկերը՝ վեհաշուք Արարատի տեսարանով: