ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ - ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԷԿ


1926


Պետցուցիչ՝ 1693

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Գտնվում է Հրազդանի կիրճում՝ գետի ձախ ափին։ Էներգետիկ առաջին շինություններից մեկն է ԽՍՀՄ-ում։ Շինարարությունը սկսվել է 1923 թ։ ՀԷԿ-ի շենքը նախատեսված էր չորս տուրբինների տեղադրման համար։ Տուրբինները մատակարարել է գերմանական «Ֆրից Բեյմայեր» ընկերությունը: Տուրբիններին ջուրը մատակարարել է Շահումյանի անվան ջրանցքը (1923-ից այսպես էր վերանվանվել Մամռի ուրարտական ջրանցքը): Այդ նպատակով կատարվել են ջրատարի վերանորոգման աշխատանքներ՝ վերականգնել ու խորացվել են որոշ հատվածներ, կառուցել ջրարգելակներ։

ԵրՀԷԿ-ը կառուցվել է 1923-1925 թթ. ընթացքում: Կայանի հզորությունը 5600 ձիաուժ (4650 կՎտ) էր, ինչը գերազանցում էր մինչ այդ քաղաքում գործող բոլոր ՀԷԿ-երի հզորությանը:

ՀԷԿ-ի հանդիսավոր գործարկումը տեղի է ունեցել 1926 թ. մայիսի 16-ին ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար Սերգո Օրջոնիկիձեի մասնակցությամբ: Այս կառույցի, ինչպես նաև՝ հանրապետության էներգետիկ համակարգի ստեղծման գործում ունեցած մեծ ներդրման համար 1926 թ. Ալ. Թամանյանին շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչում:

1940-ական թթ. սկզբին, պահպանելով ճարտարապետական լուծումը, ԵրՀԷԿ-ի շենքն ընդարձակվել է: 1962-ից հանվել է երկրի էներգահամակարգից և հատկացվել այլ նշանակության հիմնարկների: Նույն թվականին ՀԷԿ-ից ոչ հեռու կառուցվել է Երևանի ՀԷԿ-ի նոր շենքը։ 1967 թ. ՀԷԿ-ի հին շենքում բացվել է հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը:

Երևանի առաջին ՀԷԿ-ը կառուցված է կոպտատաշ բազալտից՝ ազգային ճարտարապետության ավանդույթներով։ Ճարտարապետական լակոնիկ ձևերով, շինանյութի գույնով և կոպտատաշ մշակմամբ այն ներդաշնակ է կիրճի բնապատկերի հետ: Կառույցը հայկական ազգային ճարտարապետական մոտիվների  կիրառման  և դրանց ժամանակակից հնչեղություն տալու թամանյանական առաջին փորձն է:


Հրազդանի ձախ ափին