ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ՇԵՆԳԱՎԻԹ ԲՆԱԿԱՏԵՂԻ
Շենգավիթը վաղ բրոնզի դարի առանցքային, համամարդկային արժեք ներկայացնող հուշարձաններից է:
Շենգավիթ բնակատեղին գտնվում է Երևանի հարավարևմտյան
մասում՝ Հրազդան գետի, այժմ՝ Երևանյան լճի հարավային,
ձախափնյա բլուր-հրվանդանի տափարակ գագաթին և լանջերին: Բաղկացած է բազմաշերտ բնակատեղիից և դամբանադաշտից:
Հիմնադրվել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում, գոյատևել ավելի քան 1000 տարի՝ մինչև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի
կեսը: Մ.թ.ա. 2900-2700 թթ.
հրվանդանի գագաթի պարագծով կառուցվել են քարակերտ, 2-4 մ լայնությամբ պարսպապատեր: Շենգավիթը եղել է անընդմեջ զարգացող երկրագործական, անասնապահական, մետաղագործական, կրոնական և առևտրա-արտադրական խոշոր կենտրոն՝ շրջապատված հարակից
գյուղերով: Ոչ վաղ անցյալում,
նախքան Երևանյան լճի կառուցումը, տեղում Կողբ գյուղն էր՝ իր այգիներով և մշակելի հողատարածքներով:
Վաղ բրոնզի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհում
զարգացման բարձր մակարդակի է հասել ոռոգովի երկրագործությունը, որի մասին վկայում էն պեղումների ժամանակ
հայտնաբերված գյուղատնտեսական գործիքների աննախադեպ քանակը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների՝ քարից պատրաստված ծայրակալներ, մանգաղների
կայծքարե հարյուրավոր շեղբեր, որոնք փայտե կամ ոսկրե հիմքերին են ամրացվել բիտումի միջոցով, ծակոտկեն բազալտից նավակաձև աղորիքներ, գետաքարերից ծեծիչներ, սանդեր, հավանգներ և այլն:
Շենգավիթում հնագիտական հետազոտությունները
սկսվել են 1936-1938 թթ. և շարունակվում են առ այսօր: Պարզվել է, որ Շենգավիթն ունեցել է առնվազն
500-700 տուն՝ մոտավորապես 5000-6000 բնակչությամբ: Քաղաքատեղիի տարբեր հատվածներում փաստագրվել են արհեստավորների գործունեության
հետքեր՝ մետաղի և քարի մշակման արհեստանոցներ, հացահատիկի պահեստարան-հորեր: Շենգավիթը կառուցապատման,
ճարտարապետական հուշարձանների առկայությամբ և կրոնական բարդ համակարգով (2012 թ. պեղումների ժամանակ
հայտնաբերվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող տաճար) դասվում է Հին Արևելքի հայտնի քաղաքային բնակավայրերի շարքը:
Պեղումների արդյունքում դեպի Հրազդանի կիրճն
ուղղված հյուսիսային և արևմտյան կողմերում բացվել է եռաշարք դարավանդ-հենապատերից կազմված
պարսպաշղթան՝ հզորացված հատակագծում ուղղանկյուն որմնահեց-աշտարակներով: Աշտարակներից
մեկով Հրազդան գետն է իջել սալաքարերով կառուցված և հողով ծածկված-քողարկված, 30 մ երկարությամբ և 1,5 մ
բարձրությամբ գաղտնուղին (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ,
պետ. ցուցիչ՝ 1.11.2.1):
Քաղաքատեղին շրջապատող պարսպապատից դուրս, լքված
արվարձանում տարածվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով թվագրվող դամբարանադաշտը: Մինչ այժմ հայտնաբերվել
է 15 թաղում: Տարածված էր դիամասնատման ծեսը: Խորացված սոցիալական շերտավորման մասին
են վկայում դամբարաններում հայտնաբերված ոսկուց, արծաթից, բրոնզից, սարդիոնից, հասպիսից,
մարմարից, տրավերտինից, կրաքարից, տուֆից, ոսկորից, ծովային խխունջներից, հախճապակուց
և ապակուց պատրաստված զարդերը և ուլունքները: Դամբարանների պեղումներից հայտնաբերված
կոթողներից է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող ֆալլոսը՝ տեղադրված թանգարանի առջև: Այն ներքևում
լայն, վերնամասում նեղացող քար է՝ ֆալլիկ ավարտով: Կերտված է գորշ տուֆից, ունի 210 x 60 x 40 սմ չափեր: Ֆալլոսների պաշտամունքը,
կապված արական պտղաբերության պաշտամունքի հետ, լայնորեն տարածված էր Հին աշխարհի վաղ երկրագործական
և վաղ բրոնզի դարի մշակույթներում: Շենգավիթյան կամ կուր-արաքսյան կոչվող վաղ բրոնզի դարի մշակույթում
այն արտացոլվել է սեռական շեշտված նշաններով՝ տղամարդկանց արձանիկներում, շարժական
և տեղում ամրացված թրծակավե պաշտամունքային օջախների ռելիեֆ քանդակներում (Կարազ, Հառիճ, Շենգավիթ, Օրխևի
և այլն):