ԵՐԵՎԱՆ

Card image cap

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, հիմնադրված մ.թ.ա. 782 թ․։ Այն 29 տարով հին է Հռոմից, սակայն միաժամանակ երիտասարդ և ժամանակակից քաղաք է՝ լի կենսունակությամբ ու էներգիայով։

1918 թ․ մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերի արդյունքում, ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունենալուց հետո, Երևանը հռչակվում է նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք։ Շատ շուտով Երևանն իր անկախությունը նշանավորում է արագընթաց զարգացմամբ, շինարարությամբ, բնակչության աճի տեմպերով և մշակութային վերածնունդով։ Կառուցվում են նոր փողոցներ ու պողոտաներ, շինություններ ու հրապարակներ։ Երևանի բնակչությունն աճում է նաև հայ գաղթականների հոսքի արդյունքում։ Վերջին 100 տարիների ընթացքում Երևանի բնակչությունը գրեթե տասնապատկվել է և այսօր գերազանցում է մեկ միլիոնը։

Թեև Երևանի ներկայիս տեսքը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին՝ խորհրդային շրջանում, սակայն քաղաքն ունի հայկական բնավորություն և ոգի։ ԽՍՀՄ ողջ տարածքում տարածված «համընդհանուր սովետական ոճի» պայմաններում հայ ճարտարապետներին հաջողվեց վերակենդանացնել հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթները՝ շենքերի ճակատներին տալով առանձնահատուկ և ինքնատիպ ոճ։ Շնորհիվ հանճարեղ վարպետների աշխատանքի՝ անգամ խորհրդային կարևոր իրադարձությունները հիշատակող քանդակները կրում էին ազգային բնույթ։

1920-1921 թթ․ մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցներ հիմնելու, ջրամատակարարման համակարգը կարգավորելու, փողոցներ և հրապարակներ կառուցելու ուղղությամբ։ Հանրապետության ղեկավարության հրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում հաստատվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը և բազմաթիվ հայ մտավորականներ։

Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը 20-րդ դարի հայ անվանի ճարտարապետ, նոր հայկական ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանն է։ Նրա ստեղծագործությունները համարձակ մարմնավորում են բացառիկ տաղանդը, անթերի ճաշակը և գեղագիտությունը, խոհուն տեսլականը, անսահման աշխատասիրությունը, հայրենասիրությունն ու նվիրվածությունը իր ժողովրդին։

1921 թ․ կազմակերպվում է «Արարատ» տրեստը, որը միավորում է գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ Երևանում բացվում են թատրոններ, կինոստուդիա, համալսարան։ Արվեստագետները հիմնում են խմբակներ ու միություններ։ 1921 թ․ հիմնադրվում է Հայաստանի պետական պատկերասրահը՝ երկրի խոշորագույն, իսկ հայկական կերպարվեստի հավաքածուով՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը։ 1926–1927 թթ․ գործարկվում են մի շարք գործարաններ ու արտադրամասեր։ 1932 թ․ բացվում է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ 1933 թ․-ից սկսած՝ գործում են պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտներ։

1945-1959 թթ․ կառուցվում է հին ձեռագրերի գիտահետազոտական կենտրոն Մատենադարանի շենքը, որը խորհրդային շրջանում հայ մշակույթի և ձեռագրական հարուստ ժառանգության պահպանության առումով բացառիկ նշանակություն ուներ։ Մ․թ․ա․ 782 թ․ կառուցված Էրեբունի ամրոցի տարածքում հիմնադրված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը դարձավ ոչ միայն գիտական, այլև միջազգային նշանակության կենտրոն և զբոսաշրջային կարևոր վայր։

1991 թ․՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Երևանը դառնում է անկախ Հայաստանի Երրորդ Հանրապետության մայրաքաղաք։ Անկախության վերականգնումից հետո Երևանը մտավ նոր զարգացման փուլ՝ ձևավորվելով որպես ժամանակակից, սակայն իր ազգային դիմագիծը պահպանող քաղաք։

Այսօր Երևանը զարգացող քաղաք է, որտեղ հնագույն պատմությունը միաձուլվում է ժամանակակից ճարտարապետության, նորարար մշակութային կյանքի և զբոսաշրջային հարմարավետ ենթակառուցվածքների հետ։ Այն Հայաստանի քաղաքական, մշակութային, գիտական և տնտեսական կենտրոնն է՝ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ։

Երևանն ունի աշխարհագրական իր առանձնահատկությունները: Քաղաքից բացվում է վեհաշուք տեսարան դեպի Արարատ լեռը, որն առանցքային է Երևանի դիմագծի ու խորհրդանիշի համար։

Երևանը անվտանգ ու հարմարավետ քաղաք է, որտեղ հնարավոր է ստանալ բազմազան փորձառություններ։ Քաղաքը հարուստ է մշակութային ժառանգությամբ ու պատմական հուշարձաններով, ժամանակակից արվեստի կենտրոններով և մշտապես ապրում է մշակութային կենսունակությամբ․ ամառային բացօթյա համերգներ, թատերական փառատոններ, գինու ու սննդի միջոցառումներ, ցուցահանդեսներ։

Երևանը «քայլելու» քաղաք է․ քաղաքի կենտրոնն իր մեջ է համախմբում հիմնական թանգարանները, զբոսայգիները, սրճարաններն ու մշակութային օջախները։ Երեկոյան այստեղ զբոսնելը դառնում է առանձնահատուկ փորձառություն՝ երաժշտությամբ, գույներով ու հյուրասեր մարդկանցով լի։

Երևանը հնի ու նորի յուրօրինակ համադրություն է, որտեղ յուրաքանչյուր այցելու գտնում է իր պատմությունը և տանում է իր հետ քաղաքի ջերմ ու անկրկնելի շունչը։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ


Երևանի տարածքը կազմում է 223 կմ², բնակչությունը՝ 1068 հազար մարդ։

ԵՐԵՎԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:

ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԸ


Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ


ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ