ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Երվանդ Քոչարի թանգարան
Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:
Նկարիչ - արձանագործ Երվանդ Քոչարի /1899 - 1979/ ստեղծագործական ժառանգությունը եվրոպական Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: Քոչարը Փարիզում (1923-1936թթ.) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական Ավանգարդ արվեստի կերտման գործում: Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայ, այնպես էլ եվրոպական մշակույթին: Քոչարը առանձնացվում և գնահատվում է այնպիսի արվեստագետների կողքին, որպիսիք էին Պիկասոն, Բրակը, Արպը, Լեժեն, Միրոն, Դելոնեն, Կիրիկոն և այլոք: Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը, որն արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է :
1936թ. ստորագրում է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: Բավական է աչքի անցկացնել ստորագրողների ցանկը /Արպ, Դելոնե, Կալդեր,Դյուշան, Կանդիսկի, այլք/ և ընթերցողի առջև հառնում է ոչ միայն ավանգարդ կերտողների ընտրանին, այլև Քոչարի արվեստի տեղն ու դերը ժամանակի մեջ և այդ արվեստագետների շարքում:
1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ և հայտնվեց «Երկաթե վարագույրից» այս կողմ, ուր մոլեգնում էր ստալինյան տեռորը. հետդարձի ճանապարհը փակվեց ընդմիշտ… Հետևեցին ստեղծագործական մեկուսացում, բանտ… սակայն Քոչարը «երկաթե վարագույրից» այս կողմ բերեց ժամանակակից արվեստի շունչը, ոգին, մոտեցումները:
Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի տեղում: Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:
Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման եզակի կենտրոն է:
Երեքշաբթի - չորեքշաբթի՝ 11:00-17:00
Հինգշաբթի –շաբաթ՝ 11։00 - 20։00
Կիրակի՝ 11։00 - 18։00
Երկուշաբթի ՝ փակ
ՄՈՒՏՔ
Մշտական ցուցադրություն՝ 1600 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հայերեն՝ 4000 դրամ
Օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն)՝ 5000 դրամ
Կրթական ծրագրեր՝ 1000 - 3000 դրամ