ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

ՀՅՈՒՐԱՆՈՑ « ԻՆՏՈՒՐԻՍՏ» («ԵՐԵՎԱՆ», «ԳՈԼԴԵՆ ԹՈՒԼԻՓ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ»)
1926-1928 թթ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.3

Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան

Հյուրանոցի շենքը Աբովյան փողոց, 14 հասցեում է՝ անկյունային դիրք ունի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ: Կիսակլոր հորինվածքը ենթարկված է հրապարկի կոնֆիգուրացիային: Սկզբնապես անվանել են «Ինտուրիստ», ապա՝ վերանվանել «Երևան», իսկ 2023-ից՝ «Գոլդեն Թուլիփ Գրանդ Հոթել»:

1928-1935 թթ. շենքի երկրորդ հարկի լյուքս սենյակներից մեկում ապրել է նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Շենքը կառուցված է XX դ. սկզբի (1910-ական թթ.) ռուսական նեոկլասիցիզմի ոճով: Սկզբում նախատեսված է եղել կառուցել եռահարկ շենք, բայց հետո շինարարության ընթացքում ավելացվել է չորրորդ հարկը, որը փոխել է կառույցի ճարտարապետական լուծումը: Հորինվածքում գլխավորը կիսակլոր անկյունային մասն է՝ 4 զույգ սպիտակ, հոնիական ոճի սյուներով, որոնք միավորում են պատշգամբի մեջ խորացող երկրորդ և երրորդ հարկերը:

Այս մասում բացված գլխավոր մուտքը տանում է դեպի ընդարձակ նախասրահ, որտեղ տեղադրված է պլաստիկորեն թեքվող եռաերթ աստիճանավանդակը: Կողային ճակատի (Աբովյան փողոցի ուղղությամբ) և ամբողջ առաջին հարկի գլխավոր թեման կիսաշրջանաձև կամարներն են, որոնք ձևավորում են խանութների ցուցափեղկերը, ծառայողական սենյակները, ռեստորանը:

Առաջին հարկի ճակատում շարվածքը տուֆ քարից է: Երկրորդից չորրորդ հարկերում պատերի հարթությունը սվաղված է աղյուսագույն սվաղով, սյուները՝ սպիտակ գույնով: Պատերի ֆոնին առանձնանում են սև տուֆից և մոխրագույն բազալտից քիվերի, պատուհանների շրջանակների և պատշգամբների ճարտարապետական տարրերը:

1959 թ. հյուրանոցին արևելյան կողմից կցակառուցվել է նկարիչների տունը՝ գլխավոր ցուցասրահով (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Ցուցասրահի ճակատը լուծված է որպես հյուրանոցի ճակատի շարունակություն:

1999-2000 թթ. վերակացառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից (վերականգնող ճարտարապետ՝ Նունե Չիլինգարյան)՝ պահպանելով Ն. Բունիաթյանի նախագիծը:

«Ինտուրիստ»-«Երևան»-ը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կառուցված առաջին հյուրանոցն է՝ ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ նեոկլասիցիզմի ուղղության վառ օրինակներից մեկը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 14
+37410 591 600