ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Ղափամա
Ղափաման լցոնած դդումով պատրաստվող ավանդական հայկական ուտեստ է, որը խորհրդանշում է առատություն և բարիք։
Ըստ ազգային ավանդույթի՝ հարսանյաց սեղանին ղափաման մատուցվում էր որպես բարեբերության նշան։ Ուտեստը պատրաստելու համար դդումի վերին մասը կափարիչանման կտրվում է, իսկ միջուկը սերմերի հետ միասին՝ հեռացվում։ Դդմի պատերը ներսից պատվում են կարագով, այնուհետև լցոնվում բրնձով, չրերով, թարմ մրգերով, ընդեղենով, և համեմվում մեղրով, շաքարով ու դարչինով։ Լցոնված դդումը փակում են կափարիչով և դնում ջեռոց՝ մինչև այն լիովին փափկի ու դառնա ոսկեգույն։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական բուսական թեյ՝ համեղ և բուժիչ ավանդույթ
Հայաստանը պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով հարուստ երկիր է, և այդ ավանդույթների անբաժանելի մասն է բուսական թեյի օգտագործումը։ Դարեր շարունակ հայկական բուսական թեյը եղել է և՛ համեղ, և՛ բուժիչ ըմպելիք՝ միավորելով բնության ուժն ու ժողովրդական իմաստությունը։ Հայկական թեյերը պատրաստվում են տարբեր բույսերի թարմ կամ չոր ծաղիկներից, տերևներից, սերմերից, մրգերից ու արմատներից։ Ամենահայտնի թուրմերն են՝ ուրցը, անանուխը, լորենին, երիցուկը, նուռը և այլն: Տեղացիների ամենասիրելիներից մեկը դաղձով կամ ուրցով թուրմն է, կամ էլ՝ երկուսը միասին: Բուսական թեյերը բացի համեղ լինելուց, ունեն նաև բազմաթիվ առողջարար հատկություններ։ Դրանք տարբեր հիվանդություններ բուժելու բնական և արդյունավետ միջոց են, և դրանց օգտագործումը խորապես արմատավորված է հայկական մշակույթում և ավանդույթներում: Երիցուկը հանգստացնում է նյարդային համակարգը և օգնում է թեթևացնել սթրեսը, անանուխը բարելավում է մարսողությունը, եղեսպակը հայտնի է հակաբորբոքային ազդեցությամբ, կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավն ու հազը, ուրցը ամրապնդում է իմունային համակարգը։