ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակութային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճելի ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Ղափամա
Ղափաման լցոնած դդումով պատրաստվող ավանդական հայկական ուտեստ է, որը խորհրդանշում է առատություն և բարիք։
Ըստ ազգային ավանդույթի՝ հարսանյաց սեղանին ղափաման մատուցվում էր որպես բարեբերության նշան։ Ուտեստը պատրաստելու համար դդումի վերին մասը կափարիչանման կտրվում է, իսկ միջուկը սերմերի հետ միասին՝ հեռացվում։ Դդմի պատերը ներսից պատվում են կարագով, այնուհետև լցոնվում բրնձով, չրերով, թարմ մրգերով, ընդեղենով, և համեմվում մեղրով, շաքարով ու դարչինով։ Լցոնված դդումը փակում են կափարիչով և դնում ջեռոց՝ մինչև այն լիովին փափկի ու դառնա ոսկեգույն։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական գինիներ` թաքնված գոհար գինու սիրահարների համար
Հայաստանը աշխարհի գինեգործության ամենահին կենտրոններից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գինեգործությունը ոչ միայն արհեստ է, այլ մշակույթի մի մաս։
2007 թվականին Արենի գյուղի մոտ գտնվող Արենի-1 (Թռչունների) քարայրում հնագետների արշավախումբը հայտնաբերեց աշխարհի ամենահին գինեգործական համալիրը։ Այստեղ գտնված անոթները՝ գինու մնացորդներով, խաղողի կորիզներով և գինեգործական գործիքներով, կարասները ու ճմլարանը վկայում են, որ Հայաստանում գինի արտադրվել է դեռևս մ.թ.ա. 6000 տարի առաջ։ Այդ առիթով Հայաստանը 2011 թվականին ճանաչվեց գինու արտադրության հնագույն երկիր։
Ըստ Աստվածաշնչյան ավանդության՝ Նոյը, իջնելով Արարատ լեռից, տնկել է առաջին որթատունկը՝ հիմք դնելով գինեգործության ավանդույթին Հայաստանի տարածքում։ Հույն պատմիչներ Հերոդոտոսը, Քսենոփոնը և Ստրաբոնը հիշատակում են, որ հայկական գինիներն ու ոգելից խմիչքները հնուց արտահանվել են հարևան երկրներ՝ իրենց բարձր որակի շնորհիվ: