ՏՈՒՐԵՐ
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԵՐԹՈՒՂԻ
1 ժամ 45 րոպե տևողությամբ հետաքրքիր երթուղի հին Երևանով:
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Մեր թվարկությունից առաջ 782 թվականին հիմնադրված Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը երկար կենսագրությունի ունի, որի ընթացքում հասցրել է բազմիցս փոխել իր նկարագիրն ու տեսքը: Այսօր արդեն՝ 21-րդ դարում, հին Երևան ասելիս, անմիջապես մեր հայացքն ու քայլերն ուղղում ենք դեպի Կոնդի կամ Աբովյան փողոցի հատ ու կենտ շենքեր, որոնք պահպանել են հին մայրաքաղաքի մասին մեր պատկերացումները:
Երևան քաղաքի հին լինելու մասին խոսելիս, սովորաբար, նկատի ենք ունենում նրա պատմությունը, փողոցներն ու վայրերը, որտեղ մարդիկ սիրել են հաճելի ժամանց անցկացնել, հուշարձաններն ու ճարտարապետական հուշարձանները, որոնք մատնանշում են ժամանակի շունչը:
Հանրապետության հրապարակից դեպի Քանաքեռի սարավանդի ստորոտ է ձգվում այսօրվա Աբովյան փողոցը՝ Երևանի գլխավոր զարկերակը։ Այն մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկային և թե՛ երեկոյան ժամերին. հանդիպումների, գնումներ կատարելու, զբոսանքի ու ժամանցի սիրելի վայր, իսկ տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։
Փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը։ 1869 թվականին բուլվարից հյուսիս ընկած մասն անվանափոխվել է ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի՝ կոչվելով Աստաֆևսակայա կամ Աստաֆյան։ Հարավային մասը շարունակել է կոչվել Կրեպոստնայա։
Երևան քաղաքի հատակագծի առաջին փողոցներից մեկը եղել է հենց Աբովյան փողոցը: Հենց այս փաստի հիման վրա, խոսելով քաղաքային ծրագրի մասին, մարդիկ առաջին հերթին նշում են այս փողոցը: Այսպիսով, Աբովյան փողոցի սկզբնամասը ստացավ իր երկրորդ՝ հանրաճանաչ «պլանի գլուխ»՝ ծրագրի սկիզբ անվանումը: Այս անունն այսօր էլ օգտագործվում է: Աբովյան փողոցի հենց սկզբում կարող եք տեսնել Խ. Աբովյանի արձանը:
1920 թվականի ամռանը Աստաֆյան փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվան, իսկ Կրեպոստնայա (թե ինչու Կրեպոստնայա, քանի որ այն հասնում էր մինչև Երևանի բերդ) փողոցը՝ Խորհրդարանի փողոց։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Աբովյան փողոցը եղել է քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն, որտեղ գտնվում էին «Գրանդ հոթել», «Օրիանտ», «Ֆրանսիա» հյուրանոցները, դեղատներ, քաղաքային ակումբը: Այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Պողոս-Պետրոս եկեղեցին (5-6-րդ դարեր), որի բակում էլ գործում էր սբ. Գայանեի անվան ուսումնարանը: Մի փոքր վեր՝ այժմյան Սայաթ-Նովա Աստաֆյան փողոցների հատման անկյունում է գտնվում սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին (12-13-րդ դարեր):
Աստաֆյան փողոցը նաև քաղաքի գործարարական և առևտրային կենտրոնն էր: 19-րդ դարի վերջին ճարտարապետ Վ.Միրզոյանը կատարել է Բարսեղ և Գրիգոր Եղիազարյան եղբայրների պատվերը՝ 2 շենքի կառուցման համար։ Բարսեղի տունը կառուցվել է նեոկլասիկական ոճով։ Այս շենքն ունի 135 տարվա պատմություն։ Այժմ այստեղ է գտնվում «Ոստան» ռեստորանը, Բարսեղ Եղիազարյանը հայտնի էր իր բարեգործական նախաձեռնություններով, այդ թվում՝ Երևանի ջրատարի կառուցման հիմնադրամում խոշոր ներդրումներով։ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին նա ուներ բամբակի վերամշակման գործարան, գործվածքների երկու խոշոր խանութներ և երեք բնակելի շենք քաղաքի կենտրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից շենքի երկրորդ հարկում գործել է զինվորական հոսպիտալ՝ 30 մահճակալով։ 1920 թվականին զինվորական շքերթի ժամանակ Եղիազարյանի տան պատշգամբում ընդունեցին Անտանտի բարձրաստիճան հյուրերին։ Ավելի ուշ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, կարմիր դրոշներով զարդարված նույն պատշգամբից բոլշևիկյան կուսակցությունը հայտարարեց Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին։ Հայաստանի անկախության հռչակումից հետո գրեթե բոլոր շենքերը սեփականաշնորհվեցին, այդ թվում՝ Եղիազարյանի տունը, ի դեպ, շենքի ամենահին ու հետաքրքիր հատվածը դուռն է։ Ոչ մի մարդ չի կարող անտարբեր անցնել դռան կողքով՝ առանց դրան պատշաճ ուշադրություն դարձնելու:
Մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը կառուցվել է նրա պատվերով 1915 թվականին՝ ճարտարապետ Բ.Մեհրաբովի կողմից։ Շուրջ մեկ դար առաջ Երևանի կենտրոնում կառուցված այս գեղեցիկ շենքը իր ճարտարապետագեղարվեստական առանձնահատկություններով, ծավալատարածքային լուծումներով և ինքնատիպ դեկորատիվ հարդարանքով մայրաքաղաքում պահպանված հուշարձանների շարքում նմանը չունի: Շենքը 1915-1923 թթ. ընթացքում եղել է Երևանի, այդ տարիների համար շքեղ կահավորված ու հրաշալի հագեցված առաջին մասնավոր հիվանդանոցը և որակյալ բժշկական օգնություն ցույց տվել համաքաղաքացիներին ու հարևան շրջանների բնակիչներին:
Տևողություն՝
1.45
ժ
Մեկնելու վայրը՝
Ստ.Շահումյանի հրապարակ
Ժամանման վայրը՝
Սբ.Կաթողիկե եկեղեցի
Գործունեության ժամանակահատվածը՝
Մայիս-Հոկտեմբեր
Խումբը՝
8-25
անձ
Զբոսավար
Տոմսեր՝
շուրջ
4000 AMD
մեկ անձի համար
Հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար
Նախապես ամրագրում
Ընտանեկան
Երթուղի
Մեկնարկը՝ Ստ.Շահումյանի հրապարակ
- Հանրապետության հրապարակ
- Աբովյան փողոց
- Արամի փողոց
- Պուշկինի փողոց
Ավարտը՝ Սբ.Կաթողիկե եկեղեցի