ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովը խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ էր, ով մեծ ներդրում ունեցավ համաշխարհային կինոյում իր «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով։ Փարաջանովիը համարում է կինոյի պատմության մեջ իր ժամանակաշրջանի ազդեցիկ կինոգործիչներից մեկը:
Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1988) գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:
Թանգարանը հիմնադրվել է 1988թ.-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ.-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թ.-ին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ: Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977թթ. և 1982 թթ. անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում: