ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԳԵՐԵԶՄԱՆ ԵՎ ԿԻՍԱՆԴՐԻ ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ
1927 թ., 1952 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.11.6
Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
2023 թ., վերականգնող քանդակագործ՝ Աշոտ Բաղդասարյան
XX դ. հայ անվանի բանաստեղծուհի, հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիր, հասարական-հեղափոխական գործիչ, Ալեքսանդր Մյասնիկյանի համախոհ, հայ իրականության մեջ կանանց իրավունքների պաշտպան Շուշանիկ Կուրղինյանի (Փոպոլճյան, 1876-1927) մահարձանը և գերեզմանը գտնվում են Արշակունյաց պող. 28/5 հասցեում` Կոմիտասի անվան զբոսայգու գլխավոր մուտքից ձախ` պանթեոնի տարածքից դուրս, Մլեր անվամբ նախկին հասարակական գերեզմանոցի տարածքում:
Երբ 1930 թ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ Մլերի գերեզմանոցը փակվել է ու տեղում հիմնադրվել է զբոսայգի, իսկ հետո նաև՝ Հայոց մշակույթի գործիչների պանթեոն, Կուրղինյանի գերեզմանը չի տեղափոխվել և մնացել է նախնական տեղում:
Գերեզմանին կանգնեցված մահարձանը (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան) բանաստեղծուհու հանրային ճանաչման և հիշատակի խորհրդանիշն է: Այն բազալտե հիմքի վրա բարձրացող, փայլեցված գրանիտե բարձր, երկաստիճան պատվանդանի և վերջինիս վրա տեղադրված բրոնզաձույլ կիսանդրու միասնական հորինվածք է: Պատվանդանի վերին աստիճանն անհամեմատ մեծ է ստորին աստիճանից: Դիմային նիստին երկու
տողով մակագրված է՝ ՇՈՒՇԱՆԻԿ / ԿՈՒՐՂԻՆՅԱՆ:
Բրոնզաձույլ կիսանդրին ունի Կուրղինյանի հետ դիմանկարային նմանություն, կատարված է ազատ ու արտահայտիչ ոճով:
2021 թ. մարտին գերեզմանի վրա տեղադրված բրոնզե կիսանդրին գողացվել է: Երկու տարի անց՝ 2023 թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերստին պատրաստվել է կիսանդրին ու տեղադրվել նույն տարվա օգոստոս ամսին: Նոր կիսանդրու քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանի որդին՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը:
Մահարձանը հաշվարկված է զբոսայգի մուտք գործելիս դիտարկելու համար:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան