ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԿԱՐԱՊԻ ԼԻՃ
1963 թ.
Ճարտարապետ՝ Գևորգ Մուշեղյան
1960-ական թթ. Երևանի շոգ ու տոթ միկրոկլիման մեղմելու նպատակով քաղաքի հանգստյան գոտիներում ստեղծվեցին ջրային տարածքներ: Նախատեսված արհեստական ջրավազաններից առաջինը Կարապի լիճն էր՝ կառուցված 1963 թ.՝ ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի նախագծով:
Կարապի լիճը գտնվում է
Թումանյան և Տերյան փողոցների հատման անկյունում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնի շրջակա զբոսայգու հարավարևելյան մասում: Այդպես են անվանել ի պատիվ Պ. Ի. Չայկովսկու
հայտնի «Կարապի լիճ» բալետի: Լճի տարածքում նախկինում եղել են հին, խարխուլ տներ, իսկ
լճի մեջ խորհրդային տարիներին բնակվել են սև ու սպիտակ կարապներ:
Կարապի լիճը գրաֆիկորեն
Սևանա լճի փոքրացված տարբերակն է՝ կառուցված քարից ու բետոնից: Մակերեսը մոտ 2490 քառ.
մ է, տարողությունը՝ 2400 խոր. մ: Շինարարության ընթացքում շրջակա տարածքը կանաչապատվել
է (մոտ
3,400 քառ.
մ), տնկվել են ուռենիներ: Լճի շուրջը և կանաչի միջով անցնում
են բետոնե արահետներ (շուրջ 2700 քառ. մ): Լիճն ունի կղզի, որն արահետին միանում է
կամրջակով:
2005 թ. սկսած՝ լճի մի
մասը ձմռանը վերածվում է սահադաշտի:
1965 թ. լճի մոտ տեղադրվել
է «Մեղեդի» քանդակը (քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան), իսկ 2003 թ.՝ նշանավոր երգահան
Առնո Բաբաջանյանի հուշարձանը (ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան