ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան
Գտնվում է Ալեքսանդր Թամանյանի պուրակի վերջնամասում՝ Թամանյան փող. 10 հասցեում:
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2009 թ. նոյեմբերի 8-ին:
Երևանցիների շրջանում հայտնի է
Կասկադ անունով, քանի որ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում հին կասկադը՝ փոքր ջրվեժով ու ձկների գունավոր խճանկարով (քանդակագործ՝ Դերենիկ
Դանիելյան, ապամոնտաժվել է 1980-ական թթ.):
Կասկադի ստեղծումը անվանի ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանի մտահղացումն էր, ում նպատակն էր ջրվեժներով ու կանաչապատ տարածքներով
միմյանց կապել Երևանի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Կասկադն ընդգրկված էր
խորհրդային Երևանի առաջին գլխավոր հատակագծի մեջ (1924 թ.): Թամանյանական նախագիծը
կյանքի կոչվեց 1970-ական թթ., Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից՝ նոր ընկալումներով
ու նոր գաղափարներով: Շինարարությունը տևեց մի քանի
տարի ու 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով մնաց
անավարտ:
2002 թ. ամերիկահայ գործարար և
բարերար Ջերարդ Գաֆէսճեանը, համագործակցելով ՀՀ Կառավարության հետ, նախաձեռնեց Կասկադի
շինարարությունը: Հետագա յոթ տարիների ընթացքում համալիրը վերանորոգվեց ու վերափոխվեց:
Ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով, «ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից 2009 թ. Երևանում բացվեց «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, իսկ նորակառույց կասկադի համալիրը վերածվեց «Ջերարդ Գաֆէսճեան արվեստի
կենտրոնի», որտեղ ներկայացված է Գաֆէսճեան ընտանիքի՝ Հայաստանին նվիրած արվեստի գործերի
հարուստ հավաքածուն (ավելի քան 5000 նմուշ):
Համալիրն իր ճարտարապետական հորինվածքով լուծված է լայնարձակ
հարթակներով թեք ռելիեֆի վրա (թեքությունը՝ 15°), որտեղ կազմակերպված են ցուցասրահները:
Աջակողմյան և ձախակողմյան աստիճանները կապ են ստեղծում բոլոր հարթակների միջև: Ստեղծված
են «Պատկերասարահ - 1», «Խանջյան», «Սասունցի Դավիթ», «Սվարովսկի», «Արծիվ» և այլ սրահներ,
որոնք ունեն պատերի տրավերտինե երեսապատում, գրանիտե հատակ, ներքին լուսավորություն:
«Խանջյան» սրահում մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռապատկեր որմնանկարներն
են` «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց պատերազմը» և «Հայաստանի վերածնունդը»:
«Սասունցի Դավիթ» սրահում «Սասնա ծռեր» դյուցազնավեպի հերոս Սասունցի Դավթի որմնաքանդակն
է (1980-ական թթ., քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, բացումը` 2016 թ. մայիսի 21-ին):
Կասկադի ամենավերին հարթակին գտնվող Հատուկ միջոցառումների սրահից բացվում է Երևանի և Արարատ լեռան պատկերը: Այս հատվածում է գտնվում «Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթողը (2011 թ.):
Համալիրն ընդգրկում է նաև Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին
նվիրված հուշարձանը (ճարտարապետներ` Սարգիս Գուրզադյան, Ջիմ Թորոսյան, 1967 թ.), որը
գերիշխող է համալիրում: Նրա հարակից տարածքում կասկադի մաս կազմող անավարտ հատվածն
է:
Գաֆէսճեան քանդակների պարտեզը
կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքն է՝ ընդարձակ ծառուղիներով, ծաղկանոցներով, Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզանի, Բարրի Ֆլանագանի
և ուրիշների կերտած քանդակներով:
Կասկադի աստիճանների թիվը 572 է: Հիմքից մինչև վերին հարթակ
450 մ է:
Լայնությունը` 50 մ, չավարտված հատվածի բարձրությունը` 78 մ:
Կենտրոնն ունի Հայաստանում ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրելու, ինչպես նաև՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակ:
Արցախյան շարժման օրերին Կասկադում
տեղի են ունեցել բազմահազարանոց միտինգներ, իսկ 2000-ականներից մինչ օրս այստեղ անցկացվում
են հայկական ժողովրդական-ազգագրական պարերի բացօթյա դասընթացներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Գաֆէսճեան քանդակների պարտեզը միշտ բաց է
Շարժասանդուղքների սրահը բաց է ամեն օր` 8:00-20:00
Ցուցասրահներ, թանգարանի խանութ և այցելուների կենտրոնը բաց է ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ 10:00-20:00
Կենտրոնը փակ է պետական տոներին: