ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ
1985 թ.
Պետ. ցուցիչ` 1.7.3
Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
Ճարտարապետ՝ Գարրի Ռաշիդյան
Հուշահամալիրը գտնվում է Սեբաստիայի, Նաղաշ Հովնաթանի և Արմին Վեգների փողոցներով սահմանափակված տարածքում, Սեբաստիա փողոցի եզրին, պուրակում: Կառուցվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գարրի Ռաշիդյանի նախագծով: Քանդակների հեղինակ՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյան:
Ունի դարավանդաձև կառուցվածք: Փողոցից բազալտե աստիճանները տանում են դեպի շրջանաձև, գրանիտե չորս հարթակների վրա տեղադրված քանդակազարդ հուշակամարը (բարձր.՝ 15 մ), որի ձախակողմյան սյան բարձրաքանդակները ներկայացնում են պատերազմի, իսկ աջակողմյանը՝ խաղաղ և ստեղծագործ աշխատանքի թեման: Հուշակամարի պատվանդանը երկու կողմից եզերված է գրանիտե ուղղանկյուն, ցածր պատերով, որոնցից մեկի վրա հայերեն, իսկ մյուսի վրա ռուսերեն գրված է.
«1945-1985. ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ»:
Հուշահամալիրի միջին մասն զբաղեցնում է մոտ 60 մ երկարությամբ աստիճանավոր ջրավազանը՝ շատրվաններով: Ջրավազանի երկու կողմում բրոնզաձույլ քանդակներ են. ձախակողմյանը՝ «Խաղաղություն», աջակողմյանը՝ «Վիշապասպան»:
Ջրավազանին զուգահեռ աջ և ձախ կողմերից ձգվող աստիճանները տանում են դեպի հուշահամալիրի ամենաբարձր մասը, որտեղ կիսակլոր պատվանդանի վրա բարձրանում է եռակամար կոթողը (կենտրոնական մասի բարձր.՝ 8 մ), որտեղից բացվում է ամբողջ համալիրի տեսարանը: Պուրակում տեղադրված է Արցախյան հերոսամարտում զոհված (1992 թ.) Արարատ - Մխիթար Էլբակյանի կիսանդրին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան