ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ԱՎԱՆԻ ԾԽԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ՍԲ. ՍՏԵՓԱՆՈՍ)
XIX դ․
Պետ․ցուցիչ՝ 1․2․12
Ա. Շահինյան փողոց (նախկինում՝ Ավանի XIV փող․), IV նրբանցքում է՝ բնակելի կառուցապատման
մեջ։ Կառուցվել է XIX դ․, առավել հին եկեղեցու տեղում, որն ըստ եկեղեցու հյուսիսային
պատի տակ գտնվող կոթողի պատվանդանի 1436 թ․ նվիրատվական արձանագրության՝ կոչվել է Սբ Ստեփանոս։
Վերջինս, հավանաբար, կործանվել է 1679 թ․ Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։ Նորաշեն Սբ Աստվածածին եկեղեցին ունեցել է հողածածկ տանիք, որը թիթեղապատվել է 1882 թ.՝ գյուղի հասարակության միջոցներով:
Եռանավ սրահ է՝ երկու զույգ սյուներով, բարձր բեմով, զույգ թաղածածկ ավանդատներով։ Հատակը սալապատ է։ Կամարակապ մուտքերը հարավային և արևմտյան կողմերից են։ Կառուցված է սրբատաշ տուֆից և բազալտից։ Հարավից և արևելքից պարսպապատ է։ Հարավային պատի տակ տեղադրված են XVI դ․ գեղաքանդակ խաչքարեր (Սարինի՝
XVI դ., Մահտեսի Գոհարի՝ 1598 թ., Խանփարի ու Զաքարի՝ 1600 թ.)։ Հյուսիսային կողմում կանգնեցված է միջնադարյան քարգործ վարպետ Մելիքսեթի կերտած խաչքարը՝ XVI դ․։
1968 թ. տարածքը բարեկարգվել է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան