ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱՎԱՆԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
IV-VII դդ., XIII-XIV դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.2.11
Գտնվում է Ավան թաղամասում՝ Ն. Սաֆարյան փողոցին հարող տարածքում՝ Սբ Հովհաննես եկեղեցուց փոքր-ինչ հեռու՝ այգիների մեջ։ Հուշարձանախմբի
կազմում են Սբ Աստվածածին եկեղեցին, գավիթն ու գերեզմանոցը։
Սբ Աստվածածին եկեղեցին (փոքր չափերի պատճառով անվանում են
նաև մատուռ) Հայաստանի վաղմիջնադարյան հուշարձաններից է։ Կիսավեր է: Կառուցվել է IV-VII դդ․, վերակառուցվել՝ X-XIII և հետագա դարերում։ Միաստիճան գետնախարսխով, 3,7 x 5,6 մ չափերով, թաղածածկ, միանավ սրահ է։ Երկթեք տանիքը և հատակը սալապատ են։ Շինանյութը կարմրավուն
և գորշ սրբատաշ տուֆն է։ Ավերվել է 1679 թ․Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։ Արևմուտքից կից գավիթը (XIII-XIV դդ.) հիմնավեր է:
1968 թ. մասնակիորեն վերականգնվել են արևելյան և հյուսիսային ճակատները:
Եկեղեցու մոտ տարածվող գերեզմանոցում (V-VI դդ., XIII-XVII դդ.) պահպանվել են վաղմիջնադարյան և ուշ շրջանի
խաչքարեր ու բեկորներ, տապանաքարեր՝ մի մասն
արձանագիր կամ քանդակազարդ (խաչքար Հովսեփի և ծնողների՝ 1323 թ., տապանաքար Մելիքի և Ղարասլանի՝ 1282 թ., պատկերազարդ տապանաքար՝ XIV-XV դդ. և այլն)։ Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ
հուշարձաններից է եկեղեցու
հարավային պատին կից, բազմաստիճան պատվանդանի վրա կանգնեցված, 2,2 մ բարձրությամբ տուֆակերտ, ութանիստ
կոթողը (ներկայումս ընկած է)։
Բարեկարգվել է 1968 թ.:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան